30 սեպտեմբերի 2006 - 18:13 AMT
ՀՀ տնտեսական աճը կնպաստի այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
Այսօր Երեւանում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը դրական է գնահատել երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները: Նշելով Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը, Ժակ Շիրակը հայտարարել է, որ այդ գործոնը կնպաստի նաեւ տնտեսական համագործակցության զարգացմանն այլ երկրների հետ: Նրա խոսքերով, օտարերկրյա ներդրողները վստահում են Հայաստանի տնտեսությանը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանի բանկային ոլորտում եւ բարձր է գնահատել «Credit Agricole» եվրոպական բանկային խմբի մուտքը հայկական շուկա, որը դարձել է հայկական «ACBA» բանկի խոշորագույն բաժնետերը: Նա նաեւ աջակցություն է խնդրել հայկական շուկա ֆրանսիական ապահովագրական ընկերությունների ներգրավման հարցում, քանի որ Հայաստանի ֆինանսական սեկտորի այդ ճյուղերը դեռեւս թույլ են զարգացած: «Բացի այդ, կան մի շարք հարցեր, որոնք քննարկում են պահանջում: Սակայն կարող եմ ասել, որ հանդիպումների ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են»,-ամփոփել է Ռ.Քոչարյանը: