2 հոկտեմբերի 2006 - 17:16 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ
Երբ եվրոպական հանրությունը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին, այն բաց սահմաններ է ենթադրում հարեւան երկրներ միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասում գոյություն ունեն խնդիրներ, սակայն դրանք կարելի է լուծել տնտեսության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության շնորհիվ: «Հայաստանը Իրանի եւ Վրաստանի հետ խնդիրներ չունի, եթե Թուրքիան բացի սահմանը, այդ դեպքում ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք համագործակցության: Սակայն դրան պատրաստ չէ Ադրբեջանը, որը չի ցանկանում տարածաշրջանի իրավիճակի բարելավում»,- նշել է Օսկանյանը:

Իր հերթին, Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թուոմիոյան նշել է, որ հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը կարող է տեղից շարժել բանակցային գործընթացը: «Հավանականություն կա, որ ԵԱՀԿ ՄԽ-ն «հուսո պատուհան» կբացի»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Եվրոպական Հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում» նշելուն, Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը փաստաթղթում ֆիքսված չէ: «Հակամարտության կողմերն իրենք պետք է կարգավորեն իրենց խնդիրները»,- ընդգծել է Էրկի Թուոմիոյան: