29 հունիսի 2015 - 18:04 AMT
Ավարտվել է էլեկտրական ավտոմեքենաների մրցավազքի առաջին մրցաշրջանը

Ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաները դարձել են մեքենաշինական արդյունաբերության գլխավոր թրենդը: Tesla Motors-ից բացի նոր մոդելների ստեղծման մասին հայտարարել են խոշոր արտադրողները: Պահանջարկը շարունակում է աճել: Էլետրամոբիլներ են հայտնվում նույնիսկ սպորտային միջոցառումներում:

Լոնդոնում ավարտվեց 2014-2015 թթ. «Ֆորմուլա Ե» մրցաշարի պատմության մեջ առաջին մրցաշրջանը, որին մասնակցել են բացառապես էլեկտրական ավտոմեքենաներ: Հունիսի 28-ին այստեղ տեղի ունեցավ մրցումների վերջին, 11-րդ փուլը: Մրցաշարի եզրափակիչն անկանխատեսելի էր: Եզրափակիչ փուլում հաղթանակ տարավ Սեմ Բերդը Virgin Racing թիմից, իսկ չեմպիոն ճանաչվեց Նելսոն Պիկեն NEXTEV TCR-ից` նա առաջ անցավ E.dams-Renault ներկայացնող Սեբաստիան Բուեմիից ընդամենը 1 միավորով:

Կազմակերպիչները հայտնել են, որ «Ֆորմուլա Ե»-ի հաջորդ մրցաշրջանում ակնկավում են կանոնների փոփոխություններ: Այդպես, մասնակիցները կկարողանան օգտագործել սեփական մարտկոցներն ու շարժիչները: Մրցավազքի հիմնական նպատակը էլեկտրամոբիլների գաղափարը լայն հանրության շրջանակներում տարածելն է: