2 հոկտեմբերի 2006 - 19:21 AMT
Ղարբաղյան հակամարտության նման խնդիրները հնարավոր է կարգավորել միմիայն բանակցությունների ճանապարհով
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակի պատվիրակությանը` ԵՄ-ում նախագահող երկրի` ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Թուոմիոյայի գլխավորությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է Ֆինլանդիայի նախաձեռնությամբ Եվրամիության եռյակի այցը տարածաշրջան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առաջին ինստիտուցիոնալ շփումները եւս սկսվել են 1999թ. ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության շրջանում: Կարեւորելով եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի շուրջ խորհրդակցությունների հաջող ավարտը, ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը տրամադրված է լուրջ աշխատանքի եւ Գործողությունների ծրագիրը դիտում է որպես նպատակաուղղված եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նոր հնարավորություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագրի մեջ ամբողջական տարածաշրջանը ներգրավելու ԵՄ ձգտումը չի խանգարի նոյեմբեր ամսին հասնել վերջանակետին եւ ծրագիրը պաշտոնապես ընդունել: Ըստ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, ԵՄ-ն կարեւորում է կովկասյան տարածաշրջանում առաջընթացը եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարական զարգացումներին: Հատուկ շեշտվել է առաջիկա համապետական ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու անհրաժեշտությունը: Կողմերը անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա զարգացումներին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման հակամարտությունները հնարավոր է կարգավորել միմիայն բանակցությունների ճանապարհով, դեմ առ դեմ քննարկումներով եւ ոչ երբեք` բանաձեւերի կամ քվեարկությունների միջոցով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարի վերաբերյալ` Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո: