3 հուլիսի 2015 - 16:31 AMT
Դատարանը Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 15-ը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել է «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը:

Քննությունը խնդրել էր երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը։

2014 Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Դատարանն իր որոշմամբ նաև մերժել է պաշտպանության խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին: Խնդրանքը պատճառաբանվել է պաշտպանյալի վատ ինքնազգացողությամբ և մշտապես բժիշկների հսկողության տակ լինելու անհրաժեշտությամբ:

«Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, ինչպես նաև՝ ՌԴ-ի և Հայաստանի երկքաղաքացիություն Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և դատարանից: Բացի այդ, նա բավական գումար ունի, որոնց միջոցով խափանման ձևը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը», - ասել է դատախազը:

Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնել պատճառաբանություններին՝ հայտարարելով, որ այժմ պաշտպանյալը չունի անձնագիր, այդ պատճառով նա չի կարողանա թաքնվել:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: