6 հուլիսի 2015 - 11:49 AMT
Բաղրամյանը շարունակում է փակ մնալ. Ոստիկանությունը պատրաստվում է 12:30-ին բացել այն

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի մոտ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:

Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12:30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին:

Արդեն 14-րդ օրն է, ինչ ցուցարարները, դեմ արտահայտվելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, շարունակում են փակ պահել մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան: Հուլիսի 6-ին՝ ժամը 21:00-ին, կլրանա պայքարող նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 4-ի երեկոյան նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսելու են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 4-ին հայտարերել է, թե հստակ տեղեկություներ ունի, որ Բաղրամյանում ցույցի մասնակիցներից որոշ անձինք որոշել են լարել իրավիճակը, ինքնաբուխ հավաքը վերածել կառավարելի, որոշակի շահերի հետապնդող հավաքի։

«Հստակ տեղեկատվություն ունենք, որ որոշ անձինք, ովքեր իրենց համարում են կազմակերպիչներ, որոշում են կայացրել վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել, սրել իրավիճակը, փակել փողոցները։ Ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, շատ կարճ ժամանակ անց ինքներդ կլսեք, մի քանի անձինք առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկանությանը, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է իրականացնում ծառայությունը, քանի որ դա կբերի նրան, որ շարժումը կմարի: Հրահրելու են մարդկանց կոնֆլիկտներ ստեղծել», - ասել է ոստիկանության հանրային կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Միաժամանակ վարչության ղեկավարը հայտնել է, որ ոստիկանները ուժ կկիրառեն «միայն անկառավարելի իրավիճակում»։ Նա ցուցարարներին հորդորել է ուշադիր լինել, զգոն, թույլ չտալ այդ մարդկանց ակտիվիստներին օգտագործել ի շահ իրենց:

Նույն օրը ցուցարարներին էր մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ առաջարկելով չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժին, տարածքից հանել որպես բարիկադ ծառայող աղբամանները և դրանք փոխարինել ոստիկանական ուղեփակոցներով։

Կարդացեք նաև՝Ոստիկանները ցուցարարների մեջ իրավիճակը լարելու մասին տեղեկություն ունեն. Շարժումը «կանցնի վճռական քայլերի»