6 հուլիսի 2015 - 16:56 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վաշինգտոնում են. ԼՂ հարցով մի շարք հանդիպումներ կլինեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում են` Պետքարտուղարությունում, Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումների համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ավելի վաղԲաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը:

«Երկու երկրի նախագահները հանդիպման ժամանակ հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման ուղիները»,– ասել է Սեկուտան, գրում է Trend գործակալությունը։

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է 2014-ի հոկտեմբերի 27-ին, Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել է Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։