6 հուլիսի 2015 - 20:15 AMT
Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո»-ին. Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ միջազգային հանրության համար՝ կանխարգելելու մարդկության դեմ նոր հանցագործությունները, նոր ցեղասպանությունները: Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

Հարցին, թե արդյոք հնարավոր էր խուսափել նրանից, ինչին մենք ականատես ենք մեր օրերում, նախարարը պատասխանել է.

«Կարծում եմ՝ այո: Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհն ականատես է եղել Շոային, Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում և այլ վայրերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը` մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով», - ասել է Նալբանդյանը:

Այս համատեքստում նա ընդգծել է, որ մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը համահեղինակել են 72 պետություն, այդ թվում նաև` Բրազիլիան: Բանաձևն ընդունվել է կոնսենսուսով: Նալբանդյանի խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր երկու տարին մեկ Հայաստանը նախաձեռնում է նմանատիպ բանաձև` նպատակ ունենալով կատարելագործելու կանխարգելման տարբեր մեխանիզմները:

Նախարարը հիշեցրել է, որ 2015-ի ապրիլին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունել է հատուկ բանաձև` հստակ ուղերձով: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է ցեղասպանությունը, սակայն նոր բանաձևը պարունակում է հստակ և պարզ ուղերձ Թուրքիային` առերեսվելու սեփական անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:

«Շատ կարևոր է, որ նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կցանկանայի հատուկ մատնանշել Գերմանիայի և Ավստրիայի կողմից իրականացված քայլերը. առաջինը՝ նախագահի, իսկ մյուսը՝ խորհրդարանի մակարդակներով։ Նկատի ունեմ Գերմանիայի նախագահի և Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունները, որոնք պարունակում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց մասնաբաժնի ճանաչում», - ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ մինչ Գերմանիան և Ավստրիան խոսում են պատասխանատվության իրենց բաժնի մասին, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:

Արտգործնախարարը նկատել է, թե ընդունված բանաձևը առաջին քայլն է, և Հայաստանը հուսով է, որ այն կամբողջացվի այլ քայլերով՝ Բրազիլիայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի կողմից արված հայտարարությանը Սուրբ Աթոռում կազմակերպված հատուկ պատարագի ընթացքում՝ Նալբանդյանն ասել է, որ Նորին Սրբությունը ներկայացնում է աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին և հանդիսանում է աշխարհի բնակչության այս շատ կարևոր հատվածի հոգևոր առաջնորդը։

Հարցին, թե Թուրքիայում քաղաքական փոփոխությունները կարող են որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում, արտգոոծնախարարը պատասխանել է.

«Գիտեք, մեր նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ մենք սկսեցինք հարաբերությունների կարգավորման շատ կարևոր մի գործընթաց: Ունեցանք բանակցությունների մի քանի փուլ և համաձայնության եկանք երկու փաստաթղթի շուրջ՝ երկու արձանագրության, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին։ Սակայն թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել և կյանքի կոչել այդ երկու արձանագրությունները: Եվ միջազգային հանրության դիրքորոշումը եղել և մնում է շատ պարզ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Թուրքական կողմը հետ քայլ է կատարել», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգել միջազգային հարաբերությունների հիմնական pacta sunt servanda սկզբունքը, այն է՝ հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ Բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ։

«Շատ հստակ է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Տեսե՛ք, թե որքան երկրներ և միջազգային կազմակերպություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան ձևացնում է, թե այն տեղի չի ունեցել, թե դա ցեղասպանություն չէ», ընդգծել է Նալբանդյանը:

Բրազիլիայի դաշնային խորհրդարանն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել մայիսի 29-ին: Այսպիսով, Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը:

No 550/2015 բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է:

Դրանում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»: