6 հուլիսի 2015 - 21:33 AMT
«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ միասին տենդերի արդյունքում կընտրի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ միասին տենդերի արդյունքում կընտրի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը։

«Այժմ տենդեր կհայտարարվի և միջազգայնորեն ճանաչված մեծ քառյակից կընտրվեն ընկերությունները։ Որոշումը կկայացնենք մենք Հայաստանի իշխանությունների հետ միասին։ Նրանք անկախ աուդիտ կանցկացնեն, մենք դա միայն ողջունում ենք»,-ասել է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Կովալչուկի խոսքով՝ աուդիտը կարող է տևել մոտավորապես 3 ամիս։ Հետագայում ընկերությունը չի բացառում ակտիվի վաճառքը։ «Մենք պատրաստ ենք վաճառել ցանկացած ակտիվ, եթե լավ գին առաջարկեն։ Ինչպես նաեւ պատրաստ ենք գնել ցանկացած ակտիվ, եթե գինը մեզ ձեռնտու լինի։ Այստեղ ցանկացած տարբերակ հնարավոր է»,- պարզաբանել է նա։

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նույնպես հույս է հայտնել, որ ՀՀ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի սակագների հարցում աուդիտի ավարտին ճիշտ որոշում կկայացնի։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ աուդիտ անցկացնելը նորմալ երևույթ է, քանի որ ամեն դեպքում սակագինը կարգավորվում է պետության մակարդակով։

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

Ավելի վաղ«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել է, թե ՀԷՑ-ի կրած վնասների պատճառ է համարում Հայաստանում գործող կարգավորման համակարգը:

Ըստ Կովալչուկի՝ ՀԵՑ-ի Հայաստանում աշխատանքի 11 տարվա ընթացքում սակագնի ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է նրան, որ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել:

Նրա խոսքով՝ կանոնակարգման համակարգը ենթադրում է գեներացնող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցումների: