Սիրիայի Հալեպ քաղաքում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել: Զորավարժությունները անցկացրել են ազգությամբ թուրք, քաթարցի և ամերիկացի սպաները, թուրքական Ulusalkanal լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ձերբակալված ահաբեկիչ Մուհամմեդ Աքիլ Էքը խոստովանել է, որ զորավարժությունները ընդհանուր առմամբ տևել են 45 օր: Մեկ այլ ահաբեկիչ Քասիմ Աբդուլահը հայտնել է, որ Թուրքիայում նրանք ամսական ստանում են 18 հզ. թուրքական լիրա:
Ահաբեկիչների խոստովանական տեսահոլովակները ցուցադրվել են Սիրիայի հեռուստատեսությամբ:
Բացի այդ Reuters-ին հղումով Panorama.am-ը գրում է, որ Թուրքիայի զինվորականները հուլիսի 6-ին ձերբակալել են 768 մարդու, ովքեր փորձել են անօրինական Սիրիայից մտնել Թուրքիայի տարածք:
Իսկ մինչև այդ՝ հուլիսի 2-ին, Թուրքիայում բռնել էին ևս 3 մարդու, ովքեր կասկածվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամներ լինելու մեջ: Նրանց ուղարկել են երկրի հարավում գտնվող Շանլիուրֆա քաղաքի բանտ:
Թուրքիան Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով ուժեղացրել է հյուսիսային սահմանի հսկողությունը: Այս ընթացքում վերջինս ընդունել է մոտ 2 մլն սիրիացի փախստականի: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: