4 հոկտեմբերի 2006 - 18:12 AMT
Թուրքիան մտադի՞ր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ
Թուրքիան պատրաստվում է ընթացք տալ Հայաստանի հետ դիվանագիտական պաշտոնական հանձնախումբ ստեղծելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին: Այսպիսի տեսակետ է CNN-Թուրք հեռուստաալիքի կայքէջում զետեղված հոդվածում հայտնել Բարչըն Ինանչը: Հիշեցնենք, որ 2005թ ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակով ՀՀ նախագահին առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով կազմել որը կուսումնասիրի ցեղասպանության խնդիրը: Պատսխան նմանկում Ռ.Քոչարյանն ասել էր, առաջին հերթին պետք է կազմել դիվանագիտական հանձնաժողով: Ըստ հոդվածագրի, սա նշանակում էր Թուրքիայի ու Հայաստանի միջեւ պաշտոնական կապերի հաստատում` ի հեճուկս Ղարաբաղյան հարցով մինչ այդ առաջ եկած արգելքների:

Ինանչը իր հոդվածում նշում է, որ Վիեննայում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ոչ պաշտոնական բանակցություններ են ընթանում: «Թուրքիան մինչ այժմ դիվանագիտական կապերի հաստատումը մերժել է` պնդելով, որ նախ Հայաստանը պետք է լուծի Ադրբեջանի հետ հակամարտությունը: Այժմ Թուրքիան հակված է մոռնալու Ղարաբաղի վերաբերյալ պայմանը եւ ուզում է Հայաստանի հետ դիվանագիտական հանձնախումբ ստեղծել: Սա վնաս կպատճառի Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերություններին, բայց Թուրքիան մտահոգ է Հայոց ցեղասպանության հարցում հայերի արձանագրած հաջողությունների կապակցությամբ եւ նախատեսում է, որ մինչեւ 2015 թվականը, այսինքն 1915-ի հարյուրամյակը, հայերը շատ ավելի մեծ հաջողություններ կարձանագրեն այս հարցում: Վերջին վայրկյանին հնարավոր եղավ վերացնել Եվրամիության այն տեսակետը, թե ցեղասպանության ճանաչումը նախապայման պետք է լինի Թուրքիայի անդամակցության համար:

Բայց դրա փոխարեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը սեպտեմբերի 30-ին Երեւանում դարձյալ անդրադարձել է այդ նախապայմանին: Իսկ հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկելու է ցեղասպանության ժխտումը հանցագործություն համարող օրինագիծը: Բոլոր այս զարգացումները պատճառ են դառնում, որ Թուրքիան մեղմացնի Հայաստանի դեմ իր կեցվածքը եւ մոտենա դիվանագիտական խառը հանձնաժողով կազմելու գաղափարին: Այս միտքը հաստատվում է նաեւ այն փաստով, որ այլեւս ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու հույսը բավական նվազել է: Հայերն ու ազերիները թեեւ բավական մոտեցել են համաձայնության, բայց չեն կարողացել արդյունքի հասնել: Իսկ Քոչարյան-Ալիեւ հանդիպումները միշտ վերջանում են անհաջող արդյունքով»,-ասվում է հոդվածում: Բարչըն Ինանչը նշում է, որ Վիեննայում Հայաստանի նկատմամբ այսպիսի մոտեցումը հայերին առիթ կտա մտածելու, թե Թուրքիան սկսել է նահանջել եւ դա նրանց առավել պահանջկոտ կդարձնի բանակցությունների սեղանի շուրջ», հաղորդում է «Երկիրը»: