5 հոկտեմբերի 2006 - 15:06 AMT
Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման հարցում
Նախօրեին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանանկ անդրադարձ է եղել ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների լուծմանը: Ս.Լավրովը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում ներգրավել ՄԱԿ-ը ԱՊՀ տարածքի հակամարտությունների կարգավորման գործընթացին, քանի որ հակամարտությունների կողմերը, որոշ երկրների, այդ թվում Ռուսաստանի միջնորդությամբ, արդեն պայմանավորվել են կարգավորման մեթոդների մասին: Ըստ նրա, ԱՊՀ տարածքի ցանկացած հակամարտության դեպքում պահպանվում են պայմանավորվածությունները, կարգավորման ձեւաչափերը եւ անհրաժեշտ է աշխատել հենց այդ ձեւաչափում, քանի որ դա միակ հնարավորությունն է լուծելու հակամարտությունները, որոնք ընդունված է «սառեցված» անվանել: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին` Ս.Լավրովը հայտարարել է. « Մենք կցանկանայինք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվեր որքան հնարավոր է շուտ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանածագահները բոլոր ջանքերը գործադրում են դրա համար»: Նրա խոսքերով, միջնորդներն ունեն կոնկրետ ձեւակերպումներ դեռեւս չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ, սակայն «վերջին հաշվով ամեն ինչ կախված է հակամարտության կողմերից», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: