27 հուլիսի 2015 - 17:13 AMT
Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիա) ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել՝ հուլիսի 24-ին անհայտները պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը։ Այս մասին հայտնել է Ֆրեզնոյում Հայաստանի հյուպատոս Պերճ Աբգարյանը:

«Շատ ցավալի է, և շատ հիասթափված եմ: Հուշարձանը խորհրդանշական ու պատմական նշանակություն ունի մեր համայնքի համար։ Այն պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների հանդեպ հանդուրժող չլինելու ուղղությամբ»,-ասել է Աբգարյանը՝ հավելելով, որ վանդալիզմը «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», գրում է Tert.am-ը:

Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարլելիցին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC) էր ստեղծել: Դրա կազմում են տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

AGCC-ի ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվել է Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ:

Ինն ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթը, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանը: