7 օգոստոսի 2015 - 10:20 AMT
Փոխվարչապետ. ՀՀ-ում աշխատավարձն աճել է 10,8%-ով` գերազանցելով գնաճը

ՀՀ-ում 2015-ի առաջին 6 ամսվա ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,8%-ով: Այս մասին ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ Կառավարության օգոստոսի 6-ի նիստում ներկայացնելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած երկրի 6 ամսվա տնտեսության արդյունքները:

ԱՎԾ-ն օգոստոսի 4-ին հրապարակել է 2015-ի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ճշգրտված տվյալները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիսին կազմել է 4,2%, որը 0,4%-ով գերազանցում է նախկինում հրապարակված չճշգրտված տվյալները:Հայաստանում 2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,9%:

«Եթե համեմատենք 5,1% գնաճի հետ, դա նշանակում է, որ աշխատավարձերի աճը թե մասնավոր, թե պետական հատվածներում գերազանցում է գնաճը 12-ամսյա կտրվածքով: Եթե նայենք անգամ վերջին ցուցանիշները, որոնք վերաբերում են 2015-ի հունիսին, որտեղ մասնավոր հատվածի աշխատավարձերի ամենափոքր տարբերությունն ունենք անցյալ տարվա հունիսի համեմատ, անգամ այդ պարագայում աճը 5,6% է, ինչն ավելի է, քան 5,1%-ը» - ասել է Գաբրիելյանը:

Անդրադառնալով շրջանառվող այն դիտարկումներին, որ եթե կա տնտեսական աճ, ապա ինչու դա չի երևում առօրյա կյանքում, փոխնախարարը վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի երևալը կապված է մի բանի՝ դրամական մասնավոր փոխանցումների նվազման հետ: Բնակչության որոշ հատվածի գնողունակությունը նվազում է, և դա առաջին հերթին անդրադառնում է մանրածախ առևտրի վրա, ինչի ազդեցությունն ամենաակնհայտն է, որ քաղաքացիները տեսնում են:

«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում ունենք մոտ 34% աճ՝ միջազգային շուկայում պղնձի գների նվազման պայմաններում: Ունենք գյուղատնտեսության աճ, ինչը նույնպես նշանակում է ֆիզիկական ծավալների մեծացում: Այդ պարագայում, երևույթները, որոնք երևում են առաջին հայացքից և անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Երբ այս զարգացումները համադրում ենք, տեսնում ենք, որ այնուամենայնիվ կա տնտեսական աճ և այդ պայմաններում որոշակիորեն պահպանվում է նաև աշխատավարձերի դրական դինամիկա» - ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ մի փոքր նվազում կա զբաղվածության մեջ՝ 1% կամ 2%-ային կետով, սակայն դա ևս ունի սեզոնային բնույթ, որովհետև երբ դիտարկում ենք տարեկան թվերը և նախորդ տարվա առաջին եռամսյակի դինամիկան, ապա գալիս է 1,-1,5-ի տարբերություն:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 20.6 %-ով, որում արտահանումը նվազել է 1.3 %-ով, իսկ ներմուծումը՝ 27.2 %-ով: Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները ավելացել են մոտ 2 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ մոտ 60 մլրդ դրամով, արդյունքում՝ պետբյուջեի պակասուրդը կազմել է 45 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրեներից:

ՀՀ պետական պարտքը հունիսի վերջին կազմել է $4,6 մլրդ` 2014-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ավելանալով $200 մլն-ով: Պետական պարտքից $3,96 մլրդ կազմել է արտաքին պարտքը, իսկ $694 մլն` ներքին:

Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։

Հայաստանում 2015-ի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182.080 դրամ,ինչը 1,3%-ով ավելի է ընթացիկ տարվա մայիսի ցուցանիշից։