Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը 2015-ի առաջին կիսամյակում կազմել է 14,3 մլրդ դրամ՝ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29,6%-ով:
Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը 2014-ին կազմել է 28,6 մլրդ դրամ` 2013-ի համեմատ ավելանալով 24,6%-ով: 2014-ի արդյունքներով հանրապետությունում արտադրվել է մոտ 14.000 տ ապրանքային ձուկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 30%-ով: 2013-ի օգոստոսին ձկնաբուծության և ձկնորսության ծավալը կազմել է 1.456.1 տ` 2012-ի օգոստոսի համեմատ ավելանալով 23,2%-ով:
Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նշում է, որ Հայաստանի ձկնաբուծության ներքին շուկան վնասված է, իսկ արտաքին շուկայում տեղական արտոդրողները դարձել են անմրցունակ:
«Ներքին շուկայում գործում են ինքնարժեքից ցածր գներ: Վարկային պարտավորություններ ունեցողները նույնիսկ ինքնարժեքից 120-150 դրամով էժան են վաճառում, իսկ արտաքին շուկայում դարձել ենք անմրցունակ»,- ասել է Աթոյանը:
Հայաստանից ձկնամթերք արտահանվում է հիմնականում դեպի ռուսական շուկա: Հայաստանից այդ երկիր ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է արտահանում իրականացանել:
Ռուսական շուկայում հայկական ձկնամթերքը մրցակցում է ավելի էժան ներկայացված Թուրքիայի և Կարելիայի ձկնամթերքի հետ:
Աթոյանի խոսքով՝ ձուկ արտադրողները չեն կարողանում հաղթահարել խնդիրները պետական կառույցների հետ գործակցության բացակայության պատճառով. «Իշխանությունները պետք է մշտապես հսկեն, որպեսզի լիազոր կառույցներն իրականացնեն իրենց պարտավորությունները»:
2014-ին ավելացել է նաև Հայաստանից թարմ, պաղեցված, սառեցված և վերամշակված ձկնամթերքի արտահանման ծավալը` կազմելով գրեթե 2,2 հազար տ, ինչը 400 տ-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: