Մրցավարական հանձնաժողովը որոշել է Տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի մասնակիցներին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Բանակային միջազգային խաղերի գլխավոր մրցավար, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն:
Տանկային բիաթլոնն ընթանում է 2015-ի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, որտեղ մրցում է ևս 10 անձնակազմ Հայաստանից, Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից:
«Մրցավարական հանձնաժողովի նիստում որոշվեցին այն 8 թիմերը, որոնք կմրցեն Տանկային բիաթլոնի կիսաեզրափակչում: Դրանք են` Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հայաստանը, Սերբիան, Ղրղզստանն ու Տաջիկստանը»,-ասել է Գորբատենկոն:
Ըստ նրա, օգոստոսի 10-ին տեղի կունենա վիճակահանությունը, որով կորոշվեն միջազգային մրցույթի կիսաեզրափակչի մասնակից խմբերի կազմերը:
Օգոստոսի 13-ին մասնակիցները էստաֆետի կմասնակցեն, որի արդյունքում եզրափակիչ դուրս կգա 4 թիմ:
Ավելի վաղ ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովն ասել է, որ արդյունքները շատ լավն են: «Մենք առաջին տեղը զբաղեցրինք, բայց մեր մրցակիցները շատ ուժեղ էին»,-ասել է նա: Նա նշել է, որ եզրափակչում շատ հետաքրքիր պայքար է սպասվում: «Կարող եմ ասել, որ անցյալ տարվա համեմատ, մրցակցությունը շատ է աճել: Դա ուրախացնում է: Խաղերը շատ հաջող են ընթանում: Խաղերը ոչ միայն մեքենաների ու անձնակազմերի մրցություն են, դա նաև բարեկամության ամրապնդում է մեր երկրների միջև»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Տղաներն օգնում են միմյանց: Ճիշտ է մեր տղաները լավ գիտեն այս տեխնիկան, մյուսներից ավելի լավ, և գաղտնիքները կիսում են մրցակիցների հետ»,-ասել է նա:
Նա առանձնացրել է Սերբիայի, Ղազախստանի, Հայաստանի և Հնդկաստանի թիմերի ելույթները: Նա ասել է, որ Ռուսաստանի հիմնական մրցակիցները Տանկային բիաթլոնում Հայաստանը, Ղազախստանը, Սերբիան և Չինաստանն են: Սակայն, նա չի բացառել նաև անակնկալները եզրափակչում:
«2 օրը ցույց տվեցին, որ մեր խմբի պետությունները բավականին լավ են հանդես գալիս: 39 անձնակազմից այժմ ընտրվում է 8 թիմ, հետո`4 եզրափակչի համար: Այս պահի դրությամբ հիմնականներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Սերբիան և Չինաստանը, կարծում եմ, որ եզրափակչում կլինեն այս 5 երկրների ներկայացուցիչները»,-ասել է Սալյուկովը: