«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Էլ Քարյաթան բնակավայրի վրա սիրիական Հոմսում և տասնյակ քրիստոնյաների են առևանգել, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը բնակիչներից մեկը, որին հաջողվել է ընտանիքի հետ միասին փախչել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Էլ Քարյաթան քաղաքը երկրի արևմուտքում: քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է մայիսից ԻՊ կողմից վերահկվող Պալմիրայից դեպի Դամասկոսի շրջանի Քալամուն տարածաշրջանի ճանապարհին: «Վերահսկելով Էլ Քարյաթանը` ԻՊ զինյալները կմիավորեն իրենց կողմից վերահկվող տարածքները Հոմսի արևելյան մասում արևելյան Քալամունի գրավյալ տարածքների հետ, ինչը թույլ կտա գրոհայինների ու զինամթերքի տեղաշարժ ապահովել տարածաշրջանների միջև:
«ԻՊ գրոհայինները հարձակվեցին մեր գյուղի վրա վաղ առավոտյան, այնտեղ մոտ 250 ասորի է ապրում: Մենք ապրում էինք քաղաքի արվարձանում: Զինվորականների օգնությամբ մենք և ևս 14 ընտանիք հասցրեցինք փախչել Հոմս, որը 155 կմ հեռավորության վրա է: Ով ապրում էր քաղաքի կենտրոնում չկարողացավ հեռանալ, շատերին գերեվարեցին: Մյուսների ճակատագրի մասին ոչինչ չգիտենք»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ զինյալները բազմաթիվ են եղել: Հարձակումը սկսվել է սիրիական բանակի 3 հենակետերի կողմից, որոնք գտնվում էին քաղաքի արվարձանում:
Փետրվարի վերջում ահաբեկիչները նման հարձակում գործեցին Էլ Հասակե գավառում: Այն ժամանակ ԻՊ զինյալները գրոհեցին մի քանի ասորական գյուղեր, որոնք գտնվում էին Հաբուր գետի ափերին: Ահաբեկիչներն առևանգեցին մոտ 250 քրիստոնյա բնակչի: Տասնյակ մարդիկ սպանվեցին, տներն ու եկեղեցիները թալանվեցին ու հրկիզվեցին:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:
Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: