12 օգոստոսի 2015 - 11:57 AMT
Պետդեպ. ԱՄՆ և Թուրքիայի միջև պայմանավորվածություն չկա Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին

ԱՄՆ և Թուրքիայի միջև պայմանավորվածություններում ասվում է թուրքական «Ինջիրլիկ«» ռազմակայանի օգտագործման մասին, ոչ թե Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Համաձայնության մեջ գլխավոր շեշտը դրված է թուրքական ռազմական օբյեկտի վրա, այնտեղ չի ասվում գոտու մասին: Մենք պայմանավորվել ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայի հյուսիսում համատեղ հակազդեցության և այդ տարածքում ահաբեկիչների ոչնչացման մասին»,-ասել է նա` պատասխանելով ճեպազրույցում այդ մասին հնչած հարցերին:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերը կապահովեն անվտանգության գոտու պաշտպանությունը Սիրիայի տարածքում: «Մենք ԱՄՆ հետ անվտանգության գոտու ստեղծման հարցում ընդհանուր ընկալում ունենք, մենք պայմանավորվել ենք Սիրիայի հետ սահմանին նման գոտու ստեղծման մասին: Այնտեղ կլինի արաբական բնակչությունն ու թուրքոմանները` նրանք կլիննեն ՌՕՈւ պաշտպանության տակ ՒՊ, քրդական Ժողովրդավարական միասնության կուսակցության կամ Ասադի ռեժիմի հնարավոր գրոհների դեպքում»,-հայտարարել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սինիրլիօղլուն, սակայն, չի հայտնել, թե նախատեսվում է արդյոք այդ գոտում տեղակայալ թուրքական ցամաքային ուժեր: Ենթադրվում է, որ գոտում բնակչության պաշտպանության հարցերով կզբաղվի սիրիական ընդդիմությունը:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: