Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ, օգոստոսի 13-ի Կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մի քանի օր առաջ Իրանն ու ՀՀ-ն ԷՀԳ կառուցման վերաբերյալ 107 մլն եվրոյի պայմանագիր են կնքել: Նախատեսվում է 275 կմ երկարության ԷՀԳ կառուցել 2 տարում: Դա թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ առաքումների ծավալները:
«Համոզված եմ, որ Իրանի հետ գործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի երկու երկրի միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին», - ասել է Աբրահամյանը:
Վարչապետը, ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունն ու կարևորելով կողմերի՝ Իրանի և միջազգային միջնորդների կառուցողական ջանքերը գործընթացում փոխընդունելի լուծումների հասնելու գործում, շեշտել է, որ համաձայնությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու կարևոր քայլ է:
«Ես լիահույս եմ, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների նոր մակարդակի ճանապարհին նոր հեռանկարներ կուրվագծվեն, և մենք ջանքեր չենք խնայում իրականացնելու բոլոր հնարավորությունները», - ասել է Աբրահամյանը:
«Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։
Հունիսին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:
Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:
«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: