16 հուլիսի 2003 - 20:15 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ադրբեջանը մտադիր չէ վերականգնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ` մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` «եվրոպական եւ միջազգային կազմակերպություններից շատերը փորձում են մեզ շեղել այդ տեսանկյունից, սակայն դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»: Ոչ ոք չի կարող Ադրբեջանին նման համագործակցություն պարտադրել, հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ, Վ. Գուլիեւն ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերը, որոնց չի մասնակցում ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը, արդյունավետ չեն լինի: