13 հոկտեմբերի 2006 - 18:05 AMT
Թուրքիան հպարտանում է Օրհան Փամուկով, ում վերջերս դատում էին Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Թուրք պաշտոնյաները եւ գրական գործիչները հինգշաբթի օրը հպարտություն եւ հիացմունք են արտահայտել թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհելու կապակցությամբ: «Մենք շնորհավորում ենք Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ եւ հետագա գրական հաջողություններ ենք մաղթում նրան»,֊ - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: - «Իրականում Թուրքիայի հանրությունը երկար է սպասել, որպեսզի թուրք գրողին Նոբելյան մրցանակի արժանի ճանաչեն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշենք, որ Թուրքիայում Օրհան Փամուկի դեմ քրեական գործ էր հարուցվել «թուրք ժողովրդին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանիքների ոտնահարման եւ մեղադրանքներ ներկայացնելու մեղադրանքով»: Նշվածի պատճառ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը: Մասնավորապես, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել է «1 միլոն հայ եւ 30 հազար քուրդ»: