21 օգոստոսի 2015 - 15:51 AMT
«Իսլամական պետության» գրոհայինները վանք են քանդել Սիրիայում

«Իսլամական պետության» գրոհայինները բուլդոզերների օգնությամբ վանք են քանդել Սիրիայում, հայտնել է Reuters-ը: Վանքը գտնվում էր Էլ Քարյաթան քաղաքում, որը ահաբեկիչները գրավել էին ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Էլ Քարյաթան քաղաքը երկրի արևմուտքում: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է մայիսից ԻՊ կողմից վերահկվող Պալմիրայից դեպի Դամասկոսի շրջանի Քալամուն տարածաշրջանի ճանապարհին: «Վերահսկելով Էլ Քարյաթանը` ԻՊ զինյալները կմիավորեն իրենց կողմից վերահկվող տարածքները Հոմսի արևելյան մասում արևելյան Քալամունի գրավյալ տարածքների հետ, ինչը թույլ կտա գրոհայինների ու զինամթերքի տեղաշարժ ապահովել տարածաշրջանների միջև:

Գրոհայինները գերեվարել են Էլ Քարյաթան քաղաքի հարյուրավոր բնակիչների, հիմնականում քրիստոնյաների: Ավելի ուշ ոմանց ազատ արձակեցին, իսկ 110 մարդու տեղափոխեցին Ռաքքա, որը համարվում է գրոհայինների հենակետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ականապատել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հինավուրց Պալմիրայի ավերակները: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն տարածեցին, որ «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ: