Բյուրականի աստղադիտարանում հոկտեմբերի 25-31-ին տեղի կունենա Բյուրականյան երկրորդ գիտական ճամբարը, որին կարող են մասնակցել 12-15 տարեկան 30 շնորհալի պատանիներ Հայաստանից և Սփյուռքից։ Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը։
Գիտաճամաբրի կազմկոմիտեի նախագահն է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, իսկ գիտաճամբարը կհամակարգի Սոնա Ֆարմանյանը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ):
Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ։
Նախատեսվում է նաև այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգ մասնակիցների կողմից և այլն։