16 սեպտեմբերի 2015 - 18:34 AMT
Ռազմական դրության դեպքում ԶՈւ հրամանատարությունը վարչապետին վերապահելու հարցը կքննարկվի

Սահմանադրության նոր նախագծի համաձայն Զինված ուժերի գերագույն հրամանատարը պատերազմի ժամանակ վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում` պաշտպանության նախարարը: Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվել է, թե Իրավական ռեժիմի տեսանկյունից դա ենթադրո՞ւմ է արդյոք, որ Ազգային ժողովի կողմից միայն պատերազմ հայտարարված լինելու դեպքում է վարչապետը դառնում գերագույն հրամանատար:

«Ինչու եմ նման հարց տալիս, որովհետև բոլորս գիտենք, որ արցախյան պատերազմի ժամանակ 4-5 տարի ռազմական գործողություններ էին ընթանում, սակայն մեր երկիրը պաշտոնապես չէր հայտարարել և մեր երկրին պաշտոնապես պատերազմ չէր հայտարարվել: Դա գուցե նշանակում է ռազմական դրության ռեժիմ, խնդրում եմ բացատրել` ինչպե՞ս է կարգավորվում սա իրավական տեսանկյունից», - ասել է Ֆարմանյանը:

Ի պատասխան Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը հստակեցրել է, որ նախագծում «պատերազմի ժամանակ» նշելով, իրենք նկատի են ունեցել «դե յուրե» պատերազմական իրավիճակը, գրում է Panorama.am-ը:

Միաժամանակ Պողոսյանը նշել է, որ չի բացառում, թե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մեկ անգամ ևս անդրադառնա այս հարցին և քննարկի նաև այն բանի հնարավորությունը, որ ռազմական դրություն հայտարարելու ժամանակ, որը անհրաժեշտաբար պատերազմի հայտարարում չի ենթադրում, նույնպես սահմանադրական իրավական առումով զինված ուժերի գերագույն հրամանատարությունը անցնի վարչապետին:

Նիստին քննարկվել է նաև Սահմանադրության նոր նախագծով կարգավորվող մենաշնորհների խնդիրը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը փորձել է հասկանալ` արդյոք նախագիծը չեզոքացնում է քաղաքական մենաշնորհի, վերարտադրության ինստիտուտը:

«Իրավական ընթացակարգերը մի կողմ դնելով կարող է ասեիք`քաղաքական մենաշնորհի վերարտարդության ինստիտուտը այս նոր նախագծով չեզոքանո՞ւմ է, և չկա՞ մտավախություն, որ վարչապետը չի կենտոնացնելու մենաշնորհը իր ձեռքում»,-հետաքրքրվել է Մելքումյանը:

Պողոսյանն ի պատասխան նկատել է, որ ինքնին կառավարման որևէ համակարգ` նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, չի կարող լուծել քաղաքական մենաշնորհի խնդիրը:

«Ամեն ինչ կախված է տվյալ համակարգի և տվյալ երկրի առանձնահատկություններից: Այն համակարգըմ որն առաջարկվում է Հանրապետության նախագահի կողմից ներկայացված Սահամանադրության փոփոխությունների նախագծում, ինստիտուցիոնալ առումով շատ ավելի լայն հնարավորություններ ու երաշխիքներ է ստեղծում, որպեսզի այդ քաղաքական մենաշնորհը կամ չլինի կամ հնարավորինս նվազագույն լինի», - ասել է նա:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն իր հերթին առաջարկել է Սահամանդրությամբ հստակ արգելենք մենաշնորհները:

«Եթե գրում ենք, որ մենաշնորհն արգելվում է, այդ դեպքում, բնականաբար, օրենսդիրը կարգավորման որևէ անհրաժեշտություն չունի սահմանափակումների և այլնի տեսանկյունից: Եթե մենաշնորհներ չկան, դրանք չեն կարող ինչ որ կերպ կարգավորվել», - պատասխանել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այս ճանապարհով գնացել է ՌԴ Սահմանադրությունը, բայց լավ արդյունքների չի հասել:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի առանձին գլուխներով դնելու հարցին՝ Պողոսյանը շեշտել է, որ դա չի թույլատրում ո՛չ գործող օրենսդրությունը, ո՛չ էլ պարզ տրամաբանությունը, գրում է Tert.am-ը:

«Եվ եթե մենք կառավարման համակարգին վերաբերող մի գլուխը դնենք առանձին հանրաքվեի, մյուսը՝ առանձին, դրանց միջև կապը կխզվի, եթե մեկն ընդունվի մյուսը՝ չընդունվի: Պրակտիկ տեսանկյունից էլ դա անհնար է: Միասնական փաստաթուղթ է», - բացատրել է նա՝ պատասխանելով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին։

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ: