Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում կնկարահանվեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովն ու Սաբինա Ախմեդովան, ասվում է «Մաս Մեդիա» կինոընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Սյուժեի հիմքում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժն է, որը 25 հազար մարդու կյանք խլեց, մոտ կես միլիոն մարդ անօթևան մնաց:
«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսները երկու տղամարդիկ են` հայազգի երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանն ու ազգությամբ ռուս տարեց Անդրեյ Բերեժնոյը: Հայտնվելով երկրաշարժի էպիկենտրոնում` նրանք ոչ թե ուղղակի աղետի ականատեսներն են դառնում, այլ բոլոր ջանքերը գործադրում են այլոց օգնելու համար: Երեկվա թշնամիները ստիպված են լինում մոռանալ անցյալը հանուն ապագայի: Ֆիլմի բյուջեն 5 մլն դոլար է:
Շուտով պրոդյուսերները կհայտարարեն հայկական քասթինգը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո կշարունակվեն Գյումրիում: