Սիրիացի փախստականները Հունգարիայից կրկին սկսել են զանգվածաբար ուղղվել դեպի Ավստրիա: Հարաբերական դադարից հետո սեպտեմբերի լույս 19-ի գիշերը հունգարա-ավստրիական սահմանն է հատել ավելի քան 6,7 հազար փախստական: Նման հոսքն անակնկալ է դարձել տեղի իշխանությունների համար: Հիմնական հոսնք անցել է երկու սահմանակետով` Նիկելսդորֆի, որտեղ իրավապահները հաշվել են 2,5 հազար փախստական, և Հայլիգենկրոյցի, որով սահմանը հատել է 4,2 հազար մարդ:
Հունգարիան իր հերթին պահեստազորի հավաք է հայտարարել: Համապատասխան կարգադրությունն արել է ԶՈւ գլխավոր շտաբի պետը, հայտնել է ՄՏԻ պետական հունգարական գործակալությունը:
Սակայն սեպտեմբերի 15-ին Հունգարիայի իշխանությունները խստացրեցին օրենսդրությունն ու կտրուկ սահմանափակեցին մուտքը երկիր, որի հետևանքով վերջին 24 ժամում հազարավոր փախստականներ են կուտակվել հունգարա-սերբական սահմանին: Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը, իսկ սահմանի ապօրինի հատման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, արտաքսում հետ` Սերբիա, ինչպես նաև փախստականի կարգավիճակի տրամադրման մասին հարցումների արագացված ուսումանսիրում և մարդկանց մաքսանենգության համար քրեական պատժի խստացում: Տարեսկզբից Հունգարիա է մուտք գործել մոտ 500 հազար ներգաղթյալ, որոնց շարքերն ամեն օր համալրվում են հազարավոր նոր փախստականներով:
Մինչդեռ գերմանական Բիշոֆսվեդերում աջակողմյան ծայրահեղականները երկրորդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցեր են կազմակերպում ներգաղթյալների դեմ: Միայն ոստիկանների շնորհիվ փախստականները կարողացան տեղավորվել իրենց հատկացված ապաստարանում, հայտնել է ԳԴՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ծայրահեղականները սոցցանցերում կոչ են անում մասնակցել փախստականների դեմ երթին: Անցած գիշեր Բիշոֆսվերդ է ժամանել փախստականներով 5-րդ ավտոբուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայում նոր բաշխիչ կենտրոններ են ստեղծվում փախստականների գրանցման և ընդունման համար: Սեպտեմբերի սկզբից Գերմանիան ընդունել է մոտ 100 հազար փախստականի: Կանցլեր Մերկելը հայտարարել էր, որ մինչև տարվերջ նրանց քանակը կարող է հասնել 800 հազարի, իսկ այժմ արդեն խոսքը գնում է 1 մլն մարդու մասին:
ԳԴՀ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հանդես է եկել Եվրոպայի երկրների համար փախստակնների ընդունման հստակ քվոտաներ սահմանելու օգտին: «Մենք չենք կարող ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք փախչում են թեժ կետերից և բոլոր միգրանտներին, որոնք ներգաղթում են աղքատությունից ելնելով»,-ասել է նախարարը:
Դե Մեզիերը հավելել է, որ երբ քվոտաները սպառվեն, փախստականներին, նույնիսկ նրանց, ում հետապնդում են քաղաքական մոտիվներով, հարկ կլինի հայրենիք ուղարկել:
Սեպտեմբերի 19-ին Մյունխենում մեկնարկում է բավարական գարեջրի ավանդական «Օկտոբերֆեստ» փառատոնը: Ամեն տարի փառատոնը միլիոնավոր մասնակիցներ է ունենում, անցյալ տարի նրանց թիվը հասավ 6 մլն:
Մինչդեռ իրավիճակը Մյունխենում այն չէ, ինչ նախորդ տարիներին. վերջին օրերին այս քաղաքը Գերմանիա ժամանող փախստականների գլխավոր թիրախներից մեկն է դարձել: Մյունխենի գլխավոր երկաթուղային կայարանը, որը փառատոնի գլխավոր տրանսպորտային հանգույցն է, վերջին օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով` փախստակններով լի գնացքներ ընդունելով Ավստրիայից և Հունգարիայից:
«Անհնար է կանխատեսել, թե ինչպես իրենց կպահեն «Օկտորբերֆեստի» անսթափ մասնակիցները»,-ասել է Բավարիայի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Հերմանը: Ըստ նրա, ամեն տարի փառատոնի այցելուներն առանց այդ էլ ծեծկռտուքների մեջ են հայտնվում, և ոչ միայն փառատոնի տարածքում, այլ նաև կայարանում:
Գարեջրի սիրահարների և փախստականների հնարավոր բախումներից խուսափելու համար Բավարիայի արդարադատությունա նախարարությունը հատուկ ճգնաժամային շտաբ է ստեղծել: Այժմ Բավարիայիում արդեն մոտ 30 հազար փախստական կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: