Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը՝ Asimder-ը, արշավ է սկսել Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար:
Օրերս Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:
Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20-ը Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:
Գյուլբեյը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են պայքարը տեղափոխել իրավական դաշտ և այս հարցով դիմելու են կառավարություն ու Իգդիրի նահանգապետարան, թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Asimder կազմակերպությունն օգոստոսի Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր է ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:
Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը: Ավելի վաղ նա նաև հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:
Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք պատարագը օգոստոսի 24-ին չեղյալ է հայտարարվել: