ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սարգսյանը սեպտեմբերի 21-ին նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները:
«Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները:Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից», - ասել է նախագահը:
Սարգսյանի խոսքով՝ պարգևները ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու խորհրդանշական միջոց են:
«Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը» - նշել է նախագահը:
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը պարգևատրվել Մխիթար Գոշի մեդալով:
Հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015-ի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար դերասան Հրանտ Թոխատյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Փամբուկչյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը:
Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:
Սեպտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբայցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին: