26 սեպտեմբերի 2015 - 19:22 AMT
Հայ-ռուսական համատեղ զորավարժություն. Առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են

Սեպտեմբերի 24-ին «Այագյազ» զորավարժարանում անցկացվել են հայ - ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ գումարտակի կազմով:

Մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ամենամյա համատեղ զորավարժությունները միտված են համատեղ գործողությունների ներդաշնակմանը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:

Զորավարժությունների ընթացքում, պայմանական մարտի ժամանակ տարբեր ստորաբաժանումների միջև իրականացվել են վարժանքի սցենարով նախատեսված փոխհամաձայնեցված համալիր գործողություններ, որի արդյունքում միացյալ զորախմբի ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և ոչնչացրել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը:

Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային և ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի և այլ ռազմական տեխնիկա:

«Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այն ղեկավարել է ՀՀ նախագահը:

ամապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Սեպտեմբերի 15-18-ը ՆԱՏՕ-ի«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակում Հայաստանում անցկացվում է Զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-19-ը ընթացել է հրամանատարաշտաբային զորավարժություն: