28 սեպտեմբերի 2015 - 13:53 AMT
Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ հակառակորդն Ակնայի ուղղությամբ տվել է 10-ից ավելի զոհ և վիրավոր, Բաքուն հաստատել է 3 զոհը

ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:

Ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բաքուն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում 3 զինծառայողի մահվան փաստը հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում:

Ինչպես գրել է ԱՊԱ-ն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով, զոհվել են` Ռաուֆ Ֆահրադդին օղլու Վելիևը, Նեման Իսֆենդիյար օղլու Ահմեդզադեն և Զոհրաբ Նամիգ օղլու Մուստաֆազադեն:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց կորուստների մասին տեղեկատվությունը միայն այն բանից հետո, երբ տեղեկությունները սկսեցին սոցցանցեր թափանցել: Այդպես, ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV առցանց հեռուստաալիքը պաշտպանական գերատեսչությունից ավելի օպերատիվ գտնվեց` հաղորդագրություն հրապարակելով Նեման Ահմեդզադեի մահվան մասին, ուղեկցելով հաղորդագրությունը դիտարկումով, որ ՊՆ-ն թաքցնում է զինվորի մահվան փաստը: Հաճախ ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունները չեն հայտնում զինվորների մահվան մասին և կորուստների մասին հայտնի է դառնում միայն ընդդիմադիր լրագրողների կամ զոհվածների հարազատների հաղորդագրությունների շնորհիվ:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր ևս 1 սպանված և 3 վիրավոր զինծառայողի մասին:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա:

Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: