Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, որովհետև ադրբեջանական կողմը շարունակական սադրանքների է դիմում, որոնք փոխարինվում են քաղաքական սադրանքով: Այս մասին հայտարարել է ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, գրում է «Հայկական ժամանակը»։
«Այստեղ կա երկու եղանակ․ առաջինը՝ այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց պայմաններում հակառակորդը ստիպված է լինում հրադադարի նոր պայմանագիր կնքել, և մենք թելադրում ենք այն նոր պայմաններով: Պետք է հասկանալ, որ նոր պայմանագրի մեջ պետք է լինեն հուսալի երաշխիքներ, որպեսզի այդ զինադադարը այլևս այսպես չոտնահարվի ամեն քայլափոխի», - ասել է Հարությունյանը։
Երկրորդ ճանապարհը, ըստ նրա, ՄԽ շրջանակներում միջազգային հանրության կողմից հրադադարի ռեժիմի պահպանման հուսալի երաշխիքների ստեղծումն է: Կան առաջարկներ, դրանք են՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, դիպուկահարներին հետ քաշել, այնուհետև միջազգային հետաքննության մեխանիզմներ ամրագրել:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ սահմանային լարվածությունը, որ առաջանում է պարբերաբար և արդեն կանոնավոր կերպով, սանձազերծվում է Ադրբեջանի կողմից, իրենք են միշտ նախահարձակ լինում և մեզ կանգնեցնում պատասխան գործողություններ կատարելու անհրաժեշտության առաջ: Բանակցությունների շրջանակներում Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական մոտեցումը: Ինքն ամեն ինչ է ուզում, չի ուզում հաշվի նստել իրականության հետ: Բայց կայացած փաստ է արդեն, որ Ղարաբաղն ինքնորոշվել է, արդեն 20 տարուց ավելի ինքնիշխան պետություն է, թեպետ չճանաչված: Արցախի ժողովրդի ինքնորոշումը կայացած փաստ է, հիմա Ադրբեջանն ուզում է հետ շրջել պատմության անիվը: Ուրիշ տարբերակներ իր համար ընդունելի չեն: Դա նշանակում է փակել խաղաղ կարգավորման ճանապարհը և գնալ ուժի գործադրման ճանապարհով: Հիմա անընդհատ փորձում է շոշափել իրավիճակը, մենք էլ խփում ենք ձեռքերին, հետ է քաշվում», - ավելացրել է պաշտպանության նախարարի խորհրդականը։
Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց:
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ քաղաքացիական զոհեր և 1994-ի մայիսից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանի օգտագործեց, ինչպես նաև առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:
«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- ասել է նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: