30 հոկտեմբերի 2006 - 17:23 AMT
Ռուսաստանը կարող է ցանկացած քայլի դիմել Վրաստանին ՆԱՏՕ չթողնելու համար
Վրաստանի հարցում Ռուսաստանը երկու հասկանալի նպատակ ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը: «Ես չեմ խոսում, ցավոք, Վրաստանին Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրվածություն ունեցող պետություն տեսնելու լրիվ ֆանտաստիկ երազանքի մասին: Ռուսաստանը պնդում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում խաղաղապահ գործողության իրականացման այսօրվա ձեւաչափի պահպանումը` չընդունելով խաղաղ գործընթացի միջազգայնացման ցանկացած փորձ: Այդ միջազգայնացումը մեր կողմից հասկացվում է` որպես Ռուսաստանի դուրս մղում տարածաշրջանից: Խոսքը գնում է Վրաստանի հովանավորների հաշվին խաղաղպահ գործողության միջազգայնացման մասին, որոնք մինչեւ այսօր որեւէ տարածաշրջանում Ռուաստանի շահերին ըմբռնումով մոտենալու ցանկություն չեն հայտնել: Ռուսաստանը պնդում է, որպեսզի աբխազական կամ հարավ-օսական խնդրի ցանկացած կարգավորում, առաջին հերթին, համապաստախանի ոչ թե Մոսկվայի կամ Թբիլիսիի ցանկություններին, այլ այդ չճանաչված պետություններում բնակվող մարդկանց հույսերին եւ շահերին»,- նշել է Սկակովը:

Նա ընդգծել է, որ ռուս-վրացական հարաբերությունների հաջորդ գրգռիչը Վրաստանի ձգտումն է մտնել ՆԱՏՕ: «Մենք ՆԱՏՕ-ն թշնամի կազմակերպություն չենք համարում, սակայն, հակառուսական տրամադրվածություն ունեցող Լատվիայի, Էստոնիայի, որոշակի չափով, Լիտվայի եւ Լեհաստանի դաշինք մտնելուց հետո, ՆԱՏՕ-ում ուժեղացել է հակառուսական վեկտորը: Ակնհայտ է, որ հակառուսական տրամադրվածություն ունեցող Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի կուժեղացնի այդ վեկտորը: Մենք չենք գտնում, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կանխորոշված է: Այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան են Դաշինքի հետագա ընլայնումը անժամանակ են համարում: Բացի այդ, Վրաստանը չի համապաստախանում եւ առաջիկայում չի համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ես էլ չեմ խոսում Վրաստանի տարածքում առկա չկարգավորված հակամարտությունների մասին: Այժմ խոսքը գնում է միայն Թբիլիսիի ընդգրկման մասին ID (ինտենսիվ երկխոսություն) ծրագրում: Դա որեւէ պարտավորություններ չի դնում Դաշինքի վրա, եւ չի կանխորոշում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եւ այդ պատճառով չի կարող որեւէ դժգոհություն առաջացնել Ռուսաստանի մոտ: Յուրաքանչյուր երկրի գործն է` ում հետ եւ ինչպես համագործակցել ռազմական բնագավառում»,- ասել է ռուս վերլուծաբանը: Միեւնույն ժամանակ, սակայն, նա նկատել է, որ եթե Դաշինք մտնելու Վրաստանի հրավերը հնարավոր դառնա, ապա Ռուսաստանը կարող է ցանկացած քայլի դիմել դա թույլ չտալու նպատակով: «Ինչ-որ մեկը Թբիլիսիում, Վաշինգթոնում կամ Բրյուսելում կարող է պատրանք ունենալ, որ Ռուսատսանը «ուտելով» ՆԱՏՕ-ի ընդլայնումը Բալտիկայի երկրների հաշվին, հանգիստ «կուլ կտա» Վրաստանի մուտքը դաշինք: Ենթադրում եմ, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին թույլ չտալու համար Ռուսաստանը կարող է գնալ, օրինակ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչման: Փաստորեն, Վրաստանն երկընտրանքի առջեւ է դրվելու. անկախություն տրամադրել անջատված ինքնիշխանություններին եւ համարձակորեն մտնել ՆԱՏՕ, կամ մնալ Ռուսաստանի դեմ փաստացի պատերազմի մեջ եւ մոռանալ ՆԱՏՕ-ի մասին առաջիկա հեռանկարում: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ում չեն ընդունի Վրաստանին, որն իր հյուսիսային հարեւանի հետ պատերազմի մեջ է գտնվում: Թբիլսին կհայտնվի իր կողմից պատրսատված թակարդում»,- ընդգծել է ՌՌՀԻ ԱՊՀ երկրներ բաժնի ղեկավարը: