Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, քանի որ այլընտրանք չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործների նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմախնդրի կարգավորման հեռանկարներին, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կոչ արեցին համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու հարցում։
«Հայաստանը, ինչպես և Ղարաբաղը բազմիցս հայտարարել, հաստատել է, որ համաձայն է նման մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանն է միշտ մերժում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահների կոչն առավել հստակ էր։
Ավելի վաղ անդրադառնալով հանդիպման արդյունքով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, արտգործնախարարը կարևորել էր, որ նրանք վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմերին։
«Ադրբեջանը հրաժարվում է առաջարկություններից, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին», - ասել էր Նալբանդյանը՝ հավելելով, որ Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում։
Ըստ Նալբանդյանի, մերժելով նման մեխանիզմների ստեղծումը, Ադրբեջանն իր վրա է վերցնում այդ միջադեպերի և հրադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունը։
«Միջազգային հանրությունը հիմա լավ գիտի՝ ով է խախտողը, և լավ գիտի՝ ով է հրաժարվում մեխանիզմներ ստեղծել, որոնք կարող են նաև կանխարգելիչ լինել»,- նշել է ԱԳ նախարարը։
Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:
Էդվարդ Նալբանդյանն ասել է նաև, որ այժմ քննարկվում են եռանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները:
Ինչ վերաբերում է նախագահների մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը, Նալբանդյանն ասել է, որ Երևանը միշտ կողմ է նման հանդիպումներին, բայց դրանք պետք է նախապատրաստվեն։
«Թե այդ կարգի, թե այլ հանդիպումներին չեն նպաստում հրադադարի խախտումները և լարվածության ավելացումը, որի պատճառն Ադրբեջանն է»,- եզրափակել է նախարարը։
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։