Սիրիայի Ռաքքա քաղաքի վերջին հայերը հեռացել են: Սեպտեմբերի 30-ին քաղաքում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով 5-6 հայ ընտանիք ստիպված հեռացել են Հալեպ և Լաթաքիա: Այս մասին գրում է Arevelk.am-ը:
Քաղաքը գտնվում է Իսլամական պետության վերահսկողության տակ: Ռաքքայում խմելու ջրի, էլեկտրականության հետ կապված խնդիրներ կան, միջքաղաքային հեռախոսակապը, համացանցային կապն ընդհանրապես կտրված են: Հիվանդանոցներում խնդիրներ են առաջացել, քանի որ տասնյակ բժիշկներ են հեռացել քաղաքից:
Կայքը սեփական աղբյուրների վրա խղումով գրում է, որ ռուսական կործանիչները հարվածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնատեղիներին և քաղաքում տագնապալի իրավիճակ է:
Ահաբեկիչները կործանիչների հարվածներից խույս տալու համար քաղաքի բնակարաններն օգտագործում են որպես թաքստոցներ: Տեղեկությունների համաձայն, մեծ թվով զինյալ ահաբեկիչներ հեռանում են Իրաք:
Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ: