Թուրքիայի անվտանգության խորհուրդը կասկածում է, որ Անկարայում հոկտեմբերի 10-ի ահաբեկչությունների կազմակերպիչը «Իսլամական պետությունն» է, հայտնել է Reuters գործակալությունը:
97 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: Պայթյունները տեղի են ունեցել տեղի ժամանակով մոտ 10:00-ին: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչությունները, ենթադրաբար, 2 մահապատ ահաբեկիչ է կազմակերխպել: Իշխանությունները որպես մեղսակից կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների: «Ամեն ինչ հուշում է, որ ահաբեկչությունը կարող էր ԻՊ-ն կատարել: Մենք այժմ ամբողջությամբ կենտրոնացել ենք ԻՊ վրա»,-ասել է աղբյուրը գործակալությանը, փոխանցում է Sputnik-ը:
Անկարայի պայթյունները շատ նման են հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությանը:
Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
Ավելի վաղ այդ նմանության մասին հայտարարել էր քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության առանջնորդ Սելահադդին Դեմիրթաշը:
Պայթյունների պատճառով Թուրքիայում 3 օրով կասեցվել է նախընտրական արշավը: Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան ցանկացած հանգամանքներում: «Ահաբեկչական գործողություններն ազդեցին այն պայմանների վրա, որոնց առկայությամբ է երկիրը նախապատրաստվում ընտրություններին: Սակայն մենք գնում ենք ընտրությունների և կանցկացնենք դրանք ցանկացած պայմաններում»,-ասել է Դավութօղլուն:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում: