12 հոկտեմբերի 2015 - 12:08 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Հուսով ենք, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել ընթացիկ աշնանը, հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` ելույթ ունենալով Մոսկվայում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, նա քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

«Մենք մտահոգված ենք բռնության աճով տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, հարկավոր է աշխատել քաղաքական ղեկավարության հետ»,-հայտարարել է Զանիերը:

«Մենք հանդիպումներ ենք ունեցել ԱԳ նախարարների հետ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում, եղել են ՄԽ համանախագահների հանդիպումներ, հնարավոր է աշնան ընթացքում ևս մեկ հանդիպում տեղի ունենա: Հուսով ենք, որ, հնարավոր է, լինի հանդիպում նաև ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ»:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առանձին ու համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնվեցին աշխատել մինչև տարեվերջ պլանավորված երկու նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Համանախագահները կոչ արեցին երկու երկրի նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպրշիկին։

Դեսպանները տեղեկացրել են Դաչիչին շփման գծում վերջին բռնությունների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների մասին: Նա խստորեն դատապարտել էր լարվածության վերջին սրումը ՝ կոչ անելով բոլորին առավելագույն զսպվածություն դրսևորել և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Դաչիչը հայտնել էր, որ պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դեսպան Կասպշիկի աշխատանքին և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման համար բանակցային գործընթացի առաջխաղացման և վստահության ամրապնդման վերաբերյան նրանց կոչը: ԵԱՀԿ նախագահը նշել էր, որ երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումն այդ ուղղությամբ լավ քայլ կլինի։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը, հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերն այսօր ի վիճակի են ինքնուրույն ապահովել իրենց տարածքի անվտանգությունը, նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

Բորդյուժան նաև մտահոգությունն է արտահայտել Հայաստանի սահմանի գնդակոծությունների առնչությամբ: «Կարծում եմ, որ անընդունելի է, որ Հայաստանի տարածքները գնդակոծվում են, երբ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործվում են ծանր զինատեսակներ», - ասել է նա:

Բորդյուժան նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի իրավիճակին, եթե Հայաստանը դիմի իր դաշնակիցներին և վերջիններս որոշում կայացնեն օգնության ձեւի մասին: «Դա կարող է լինել քաղաքական կամ նյութատեխնիկական, կամ էլ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է հավաքական անվտանգության խորհրդի որոշումից», - ասել է նա: