ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:
«Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ գործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը», - ասել է արտգործնախարարը:
Հոկտեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ:
Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջունում է ԵՄ և ՀՀ միջև համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը:
2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: