15 հոկտեմբերի 2015 - 14:58 AMT
Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես կբացվի

Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես կբացվի` Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունների 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Ինչպես հայտնում է Guardian-ը, ցուցահանդեսը լուսաբանում է հայկական մշակույթի 2000-ամյա պատմության շրջանը: Գրադարանի տնօրեն Ռիչարդ Օվենդենը հայտարարել է, որ ցուցահանդեսը ներառում է բացառիկ գեղեցկության բազում ցուցանմուշներ: «Բոդլեյան գրադարանը հպարտ է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայ ժողովրդի պատմության և մշակույթի տարածմանը նպաստելուն»,-ասել է նա:

Հայկական մշակութային ժառանգության ցուցահանդեսի շրջանակում գրադարանի վերականգնողական հետազոտությունների բաժնի ղեկավար Դևիդ Հոուեյը կցուցադրի աստվածապաշտ ընթերցողների կողմից ջնջված սատանայի պատկերը 17-րդ դարի հայկական Ավետարանում, որի ծաղկողն է Մեսրոպ Խիզանը: Պատկերված է Ահեղ դատաստանը և սատանայի ու հրեշտակի պայքարը կշեռքի նժարին դրած հոգիների համար: Անզեն աչքով պատկերը չի երևում, ձեռագրի այս տարրը տեսնելու համար Հոուեյը դիմում է հիպերսպեկտորային տեխնոլոգիաներին:

Ցուցադրվելու է նաև Տարոնի Սբ Կարապետ եկեղեցուն 1788-ին նվիրած Սուրբ սեղանի մետաքսե ծածկոցը: IV դարում հիմնված եկեղեցին քանդվել է Ցեղասպանությունից հետո:

Ձեռագրերից ու եկեղեցական պարագաներից բացի ընդգրկված են նաև հարուստ հայկական ընտանիքների կենցաղային իրեր: Մասնավորապես, ցուցադրվելու է գրադարանի նվիրատուներից մեկի տատիկի 1890 թ. ժանյակազարդ օձիգը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի կրկնօրինակը, որը փոխանցվում է սերնդեսերունդ և պաշտամունքի առարկա է որպես ընտանիքի պաշտպան:

Ցուցադրվելու է նաև ռուսական ինքնաեռն ու սուրճի բաժակների հավաքածուն, որոնք ավանդաբար օգտագործվել են սուրճի նստվածքով գուշակությունների համար, որը տրամադրել է Չալվաճյան ընտանիքը: Իրերի պատմությունը ցույց է տալիս հայերի դեգերումները 1915-ից հետո. կիլիկիահայերի սպասքը հայտնվել է Միլանում, հետո` Կահիրեում, իսկ հետո արդեն Միացյալ Թագավորությունում:

Բոդլեյան գրադարանը աշխարահի ամենահին համալսարանական գրադարաններից է, որը 17 դարից ի վեր սկսել է հայկական ձեռագրեր հավաքել: Շատ ցուցանմուշներ, սակայն, շատ ավելի հին են` այդ թվում 11-րդ դարի Հովհաննես Ոսկեբերանի զրույցների կրկնօրինակն ու Իրանում 1638 թ. տպագրված առաջին տպագիր գրքի միակ հայտնի նմուշը: