ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են մոտ 100 մասնագետ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից:
Գիտաժողովը սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայոց ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի տանն կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որտեղ շեշտադրվել է, թե չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն:
Հայտարարվել է, թե առաջին գործնական և իրավական քայլն արված է՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով և Հայաստանն ու սփյուռքը պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ կփորձեն այս գիտաժողովով հանրագումարի բերել գիտական այն նվաճումները, որոնք ունեցել են այս թեմայի շուրջ վերջին տարիներին և շեշտել, որ սրանով ոչ թե ավարտվում, այլ սկսում է նոր՝ Ցեղասպանության հետազոտությունները իրավական տեսքի բերելու փուլ, գրում է Tert.am-ը:
«Ճանաչումից գնում ենք փոխհատուցում, որն արդեն իրավական հարթության վրա է գնում գիտական աշխատանքների հետ միասին», - ասել է նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը նոր խոսք կասի:
«Որպեսզի ոչ թե սրանով սահմանափակվենք, այլ սահմանագիծ դնենք, որից անդին շարունակելու ենք քրտնաջան աշխատանք բոլոր մակարդակներով, որպեսզի մեր ժողովրդի նպատակները և իղձերը՝ կապված Ցեղասպանության ճանաչման և հատուցման հետ, բարեհաջող վախճան ունենան», - ասել է նա:
ԱՄՆ հայագետների ընկերակցության նախագահ Գևորգ Բարդակչյանը նշել է, թե իրենց անելիքները ենթադրում է փաստագրական նյութերի գնահատում: Նա շեշտել է, թե հատուցման պահանջին զուգահեռ, պետք է սիստեմատիկորեն շարունակել գիտական աշխատանքները: Ըստ Բարդակչյանի՝ առավել խորը ուսումնասիրելու կարիք կա Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի հանցակից դերը Հայոց ցեղասպանության գործում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես ասվում է.
«Դեռևս 1916-ին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը և այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաև հետազոտական աշխատանք»:
Նախագահի խոսքով՝ պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները:
«Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը և նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետևանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին», - ասել է Սարգսյանը:
Գիտաժողովի քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակն է: Մասնավորապես՝ ցեղասպանությունների հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: