16 հուլիսի 2003 - 19:30 AMT
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս ուսումնասիրվում է Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման անցկացման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, երեկ լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը: Նրա խոսքերով` հանդիպման ժամկետը սկզբնապես նշանակվել էր հուլիսին, սակայն առայժմ «որոշ անհամաձայնեցվածություններ հնարավորություն չեն տվել այն իրականացնել»: ԻՆչպես գտնում է Ն. Ռյաբովը, հենց հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո կքննարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան այցի հնարավորությունները: Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերը` Ն. Ռյաբովը նշել է, որ այդ փաստերը, բնականաբար, հարուցում են Ռուսաստանի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մտահոգությունը: Ռուսաստանը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, առավել եւս, որ երկար տարիների ընթացքում նրանք դրսեւորել են զինադադարը պահպանելու ընդունակություն, հայտարարել է դեսպանը: