19 հոկտեմբերի 2015 - 10:20 AMT
Հոկտեմբերի 17-ին և 18-ին հրադադարը շփման գծում խախտվել է մոտ 150 անգամ

Հանգստյան օրերին` հոկտեմբերի 17-ին և 18-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից (հրադադարի) պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ քայլերի, հայտոնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց:

Հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10.000 կրակոց:

ՊԲ հակաօդայինները առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա` Ադրբեջանի տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03:05-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրել: