19 հոկտեմբերի 2015 - 16:10 AMT
Գործադիրը սեպտեմբերին ավելի քան 900 մլն դրամ է ուղղել սպառած էլէներգիայի սուբսիդավորմանը

Սեպտեմբերին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 923,8 մլն դրամ։ Նախորդ ամսվա համեմատ այն նվազել է մոտ 84,3 մլն դրամով՝ առավելապես պայմանավորված բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմամբ, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների, բնակիչ-բաժանորդների կողմից սեպտեմբերին սպառած էլեկտրական էներգիայի սակագնի՝ ՀՀ կառավարության ստանձնած սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմել է 901,2 մլն դրամ՝ նախորդ ամսվա 986,8 մլն դրամի դիմաց։

0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների («ՓՄՁ»-ների)՝ (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին սեպտեմբերի համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմել է 22,6 մլն դրամ՝ նախորդ ամսվա 21,2 մլն դրամի դիմաց։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստին հայտնել է, որ ՀԷՑ-ը գնած«Տաշիր» խմբի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016-ի օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար:

«Հայաստանի 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը կամ բնակչության մոտ 79%-ը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական մինչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը», - հայտնել է վարչապետը:

Կարդացեք նաև՝Կարապետյան. Ապագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլէներգիայի սակագնի բարձրացումից