Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:
Հոկտեմբերի 19-ին և 20-ին շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (7 արկ), 82 մմ-ոց ականանետ (2 արկ), ՀԱՆ-17 (3 արկ) ու ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետեր: