ԱՄՆ-ում գործող Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել՝ տարիներ շարունակ այս հարցի վերաբերյալ նրբորեն խուսանավելուց հետո:
Հրեական խորհուրդն ավելի վաղ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդի խոսնակը հոկտեմբերի 21-ին հաստատել է, որ բանաձևը խմբի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին փաստն է, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:
Հայտարարությունում կոչ է արվում հրեական համայնքին սերտորեն աջակցել ամերիկահայ խմբերի հետ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։
Շատ հրեական կազմակերպություններ մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակցին՝ Թուրքիային «չնեղացնելու» համար: Գլխավոր իսրայելամետ խմբերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգով են զբաղվել։
Այնուամենայնիվ, 2009-ին Գազայի պատերազմում պաղեստինյան «Համաս» շարժման դեմ Իսրայելի պատերազմից ի վեր Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացման հետևանքով իսրայելամետ խմբերը դադարել են Թուրքիայի օգտին լոբբինգ իրականացնել։