ՌԴ-ից Հայաստան ռուսական գազի առաքման ծավալը 2015-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1293.2 մլն խմ: Հաշվետու շրջանում իրացվել է 1214.3 մլն խմ բնական գազ:
Ընթացիկ տարվա 9 ամսում սպառվել է 241.3 մլն խմ բնական գազ էներգետիկ, 144.1 մլն խմ գազ արդյունաբերության հատվածում, 353.7 մլն խմ` բնակչության կողմից, 356.1 մլն խմ գազալցակայաններում և 119.1 մլն խմ` այլ սպառողների կողմից, հայտնում է Advis.ru-ն:
2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը:
2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը:
Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից:
Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրեց 100 տոկոսի: Ձեռնարկությունը կոչվեց «Գազպրոմ Արմենիա»:
Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց:
Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։
Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառնա, նրանք կվճարեն նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով: