22 հոկտեմբերի 2015 - 13:06 AMT
Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար. 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր

Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հայդար Քոնջան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիրների հետ:

Քոնջան իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին, ասելով. «Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը դարձավ աղետալի և արյունալի դեպքերի զոհը: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր»:

Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները, գրում է Ermenihaber.am-ը:

Քոնջան Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից նախարար էր Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում, որը կազմավորվեց, երբ իշխող կուսակցությունը չկարողացավ ձևավորել կոալիցիա ու կառավարություն և արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն ծագեց: Խորհրդարանում Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը ներկայացնելուց, Քոնջան հայտարարել է, թե ակնհայտ է համարում այն, որ կոտորած եղել է: «Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք», - ասել է նա: Նրա հայտարարությունները Թուրքիայում քաղաքական սկանդալ էին առաջացրել:

ԺԴԿ ղեկավար Սալահեթին Դեմիրթաշը 2014 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: