Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ քաղաքում, որը հունիսին ազատագրվել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, ժողովրդավարական ինքնավարություն է հայտարարվել:
Քաղաքում տեղական ինքնակառավարում կազմակերպելու նպատակով տեղի արաբ, քուրդ թուրքմեն և հայ բնակչության ներկայացուցիչներից կազմված խորհրդարան է հիմնվել: Խորհրդարանն ունի 7 արաբ, 4 քուրդ, 2 թուրքմեն և 1 հայ ներկայացուցիչ, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Թել Աբյադի ղեկավարությունը քաղաքականապես կենթարկվի Սիրիայի Քոբանի քրդական կանտոնին (վարչատարածքային միավորում-EH):
Նշվում է, որ ժողովրդավարական ինքնավարություն ստեղծելու պատրաստությունները սկսվել էին դեռևս քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG) և որոշ սիրիական ընդիմադիր խմբավորումների կողմից քաղաքն ԻՊ-ից ազատագրելուց հետո:
Թուրքիայի իշխանությունները Սիրիայի ամենաազդեցիկ քրդական քաղաքական ուժը հանդիսացող PYD-ի ռազմական թև YPG–ին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԱԿ) ազդեցության տակ լինելու մեջ:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:
Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով: