Կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում ընդունել է «1988-1992թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում, որի նպատակը երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելն է:
Որոշմամբ՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարությունը հաստատել է Շիրակի և Արմավիրի մարզերում բնակարաններ ստացող բնակիչների ցանկը: Մարզպետները, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգօրյա ժամկետում, նշված ընտանիքների հետ պետք է կնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր:
Գործադիրի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը: Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24 մլն. 656.000 դրամ:
Ադրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումների պատճառով Հայաստան բռնագաղթած մոտ 360 հազար փախստական, որոնք 90-ականներից ապրում են ՀՀ-ում, դեռևս ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ:Ղարաբաղյան պատերազմի ընթացքում էլ տեղահանվեց մոտ 72.000 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստան եկան ավելի քան 420 հազար փախստական, այսինքն` բնակչության 14%-ը:
2004-ին կառավարությունը հաստատեց առավել կարիքավոր փախստականներին մշտական կացարանով ապահովելու ծրագիր:
1994-ից ի վեր ՄԱԿ-ի կողմից $20 մլն է հատկացվել փախստականների համար բնակարանների շինարարությանը, 2004-2009թթ. ընթացում էլ պետբյուջեից տարեկան $2-5 մլն է հատկացվել:
Ավելի քան 8 հազար ընտանիքի բնակարանային խնդիրները լուծեց Հայաստանի կառավարությունը` միջազգային կազմակերպությունների ջանքերով: Մինչդեռ 2012-ի տվյալներով՝ ավելի քան 1,000 ընտանիք դեռևս սեփական տանիքը չունի: