22 հոկտեմբերի 2015 - 17:12 AMT
Դատապարտյալներին ծանրոցներ կուղարկեն նաև համացանցի միջոցով

Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։

Ներկայումս դրանք հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ դժվարություններ է առաջացնում։ Դատապարտյալներին և կալանավորված անձանց ծանրոցներ, փաթեթներ հանձնելու արդյունավետ միջոց է համացանցի միջոցով պատվերներ կատարելը։

Միջազգային փորձը վկայում է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց համար առցանց եղանակով կարող են ձեռք բերվել միայն այն սննդամթերքը, առարկաները կամ իրերը, որոնք արգելված չեն:

Հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 –ի ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1.113 կալանավորված անձ:

2014-ին քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ: ՔԿ-ներում համապատասխան աշխատանքներ են տարվել նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ-ՔԿ ծառայող շփումը: Նվազագույնի կհասցվի նաև արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը:

Ինչպես նաև ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության շրջանակում կիրառվելու է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ հսկողության այլընտրանքային միջոցներից էլեկտրոնային մոնիտորինգը, որը ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների միջոցով անձի տեղաշարժի հսկողությունն է: Այդ ընթացքում պետք է պարզվի, թե Հայաստանի դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի որ եղանակն է ավելի նպատակահարմար և կիրառելի: Կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելման շարունակական ծրագրեր: