Իրաքի պաշտպանության նախարարությունը զեկույց է պատրաստել, որով ապացուցվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից երկրի հյուսիսում քրդերի դեմ քիմիական զենքի կիրառումը: Այդ մասին արաբալեզու Sputnik կայքին հայտնել է Իրաքյան Քրդստանի «փեշմերգայի» գծով գերատեսչության գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը:
«Ավելի վաղ Քրդստան այցելած պաշտպանության նախարարության քիմիական զենքի մասնագետների կոմիտեի առաջին զեկույցը հաստատւմ է, որ ԻՊ գրոհայինները «փեշմերգա» ջոկատների դեմ մարտերում կիրառել են իպրիտ գազ հիշեցնող ինչ-որ նյութ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել:
ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:
Քաղաքական գործիչը նշել է, որ զեկույցը հիմնված է քուրդ մարտիկներից, ինչպես նաև Մոսուլում թունավոր նյութերի կիրառմամբ գրոհից տուժածներից վերցված արյան նմուշների վրա»,-ասել է նա:
Ավելի վաղ Քրդստանի անվտանգության խորհուրդը կասկածներ էր հայտնում առ այն, որ ԻՊ գրոհայինները գնդակոծել են «փեշմերգա» ջոկատների դիրքերը թունավոր գազերի կիրառմամբ: Wall Street Journal-ը օգոստոսին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վրա հղումով հայտնեց, որ ԱՄՆ-ն կիսում է քրդերի կասկածներն ու կարծում է, որ ԻՊ-ն իպրիտ է կիրառել աշխարհազորայինների դեմ:
Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, իպրիտն օգտագործվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութերի մեջ: Քիմիական մանանեխի գազն արգելված քիմզենք է ու կարող է մաշկի թարախապալարներ առաջացնել, ինչպես նաև կուրություն ու շնչառական խնդիրներ առաջացնել:
Ավելի վաղ նմանատիպ եզրակացության էր եկել նաև 2 անկախ բրիտանական կազմակերպություն, որոնք համատղ հետազոտություն էին անցկացրել Իրաքում և Սիրիայում: Ինչպես հայտնել էր CNN հեռուստաալիքը, հետազոտության արդյունքները հաստատեցին, որ ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել քրդերի, աշխարհազորայինների և խաղաղ բնակիչների դեմ:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: